Հետևեք մեզ

Հաճախ տրվող հարցեր

  1. Ո՞րն է շարժման նպատակը եւ որո՞նք են շարժման սկզբունքները

    Շարժման նպատակը քաղաքացիների միջև 5 հիմնական սկզբունքի շուրջ համաձայնություն կայացնելն ու նոր որակներով Հատուկ պետություն ստեղծելն է։ Այդ 5 սկզբունքներն են․

    1. Հայաստանը պետք է կարողանա «ոչ» ասել իր շահերին չհամապատասխանող պլաններին․ հենց դա՛ է ինքնիշխանությունը, և մենք պիտի պաշտպանենք «ոչ» ասելու մեր իրավունքը: Բոլորը պետք է իմանան և համոզվեն, որ մեզ վերաբերող որոշումները մենք ենք կայացնում՝ հաշվի առնելով հռչակված պետական շահը։ Այդ թվում որոշումը՝ չընդունել ուժով պարտադրված ոչ մի իրողություն։ Ո՛չ մի պարագայում չընդունել Արցախն Ադրբեջանի կազմ ընդգրկելուն միտված հանցավոր պատերազմի արդյունքները և  արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություններն ու էթնիկ զտումները լեգիտիմացնող որևէ փաստաթղթի տակ չդնել Հայաստանի ստորագրությունը։ «Խաղաղության պայմանագրի» կամ որևէ այլ փաստաթղթի միջոցով չլեգիտիմացնել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ որևէ ոտնձգություն։
    2. Մեր անձնագիրը պետք է նշանակի ավելին, քան պարզապես կապույտ կազմով գրքույկ: Այդ անձնագիրը պիտի երաշխիք լինի, որ մենք բոլորս ամեն ինչ կտանք այն ունեցող քաղաքացու իրավունքները, անվտանգությունը և ինքնությունը պաշտպանելու համար:
    3. Իրարից գողանալը պիտի պատժվի թե՛ օրենքով, թե՛ հասարակական վերաբերմունքով: Գողությունը իր բոլոր դրսևորումներով, այդ թվում՝ կոռուպցիան, պիտի մարդուն մեկուսացնի այնպես, որ նա կա՛մ արտագաղթի, կամ խնդրի իրեն ազատազրկել:
    4. Նորարարությունը մեր առաքելությունն է: Մենք կամ ամեն հաջորդ օր պիտի լինենք ավելի լավը, կամ չենք լինելու: Սա նշանակում է, որ մենք պիտի ամեն ինչ տանք լավ կրթություն ու գիտություն ունենալու համար: Մենք պիտի ձգտենք ինքնաբավության և վճարենք դրա համար անհրաժեշտ գինը: Այդ դեպքում գուցե մեր կյանքը առաջիկա տասնամյակում լինի առանց ճոխ փառատոնների, բայց մեր ապագան կլինի երաշխավորված:
    5. Մեր մտածողության փոփոխության դրսևորումը պիտի լինի հերթը: Նա, ով հերթ է խախտում, նվաստացնում է իր անվտանգությունը, իրավունքները ու ինքնությունը պաշտպանողին, նա ասում է, որ մենք իրար հետ կապ չունենք, մենք իրար ոչինչ պարտավոր չենք․ պետություն ունենալու համար պետք է սրա հակառակն անել: Նրանք, ովքեր կանտեսեն ու կոտնահարեն մյուս քաղաքացու արժանապատվությունը, իրավունքները, անվտանգությունը և ինքնությունը, պետք է մեկուսացվեն հանրային կյանքից ու զգան դրա ողջ ծանրությունը:

    Այս նպատակներին անհնար է հասնել ներկայիս կառավարությամբ և վարչապետով, ուստի մենք խնդիր ենք դնում խաղաղ դիմադրության գործողություններով հեռացնել այս կառավարությանը։

  2. Ո՞րն է վրան տեղադրելու գործողության էությունը, ինչո՞ւ հենց վրան

    Պետության ներսում կարգուկանոն է հաստատվում, երբ կա որոշակի նպատակ, որին իր բոլոր ինստիտուտներով ձգտում է պետությունը։ Հանրության, ինչպես յուրաքանչյուր կենսունակ օրգանիզմի դեպքում, կենսունակության ապահովման գործում յուրաքանչյուր բջիջ ունի իր առաքելությունը։ Գործնականում չկա որևէ նպատակ, որ այդպիսի օրգանիզմը դնի և չլուծի՝ անկախ նույնիսկ բնակչության թվից։ Հայաստանի դեպքում մի ընդհանուր նպատակ դնելու և դրա լուծմանը հասնելու պարզունակ հատկությունը կորսվել է եւ այն պետք է վերականգնվի։

    Վրանը սիմվոլն է այն պետական նպատակի՝ երազանքի Հայաստանի, որը մենք հայտնում ենք լրացուցիչ։ Վրանի պաշտպանությանը մասնակցելը նշանակում է լինել այդ նպատակի իրագործման համար զոհողությունների պատրաստ մեկը։ Վրանն ընդամենը գործիք է՝ երազանքի Հայաստան ստեղծելու գործին քաղաքացու հավատարմությունը և այդ գործն անելու պատրաստակամությունը ցույց տալու համար։ Մեր համոզմամբ՝ հանրային միասնության կարելի է հասնել փուլային տարբերակով։ Առաջին փուլում 2-ից հասել ենք 25 հոգու։ Երկրորդ փուլում պետք է 25–ից հասնենք 2000-ի։ Կարծում ենք, որ 2000-ի հասնելու դեպքում կարելի է արձանագրել, որ վերը նշված նպատակն իրագործելու մտադրության շուրջ հաջողվել է հասնել բավարար համախմբման, որի շնորհիվ մյուսներին նույնպես հնարավոր է համոզել միանալ ընդհանուր գործին։

  3. Եթե ոստիկանությունը 50 օր չի թույլատրել վրանը տեղադրել, ապա ո՞ր պարագայում հետագայում թույլ կտա

    50 օրից 48-ը ոստիկանությանը հաջողվել է թույլ չտալ տեղադրել վրանը, որովհետև այնտեղադրել է 1-2 հոգի։ 1-2 հոգուն հնարավոր է հեշտությամբ չեզոքացնել նույնիսկ այն դեպքում, երբ ոստիկանության գործողություններն ապօրինի են։ Նրանք դա հաջողում են իրականացնել ոստիկանության առավելագույնը 10 ներկայացուցիչներով։ Մենք 2 օր փորձարկել ենք վրանի պաշտպանություն իրականացնել քննարկումներին մասնակիցների ուժերով։

    Վրանի ապամոնտաժումը միայն մեր մարմիններով թույլ չտալու փորձի դեպքում 20 հոգով հաջողվել է վրանը պաշտպանել 3 րոպե։ Դրանից հետո ոստիկանության ներկայացուցիչները պակասում են՝ ցուցարաներին ուղեկցելով ոստիկանություն ու մասնակցելով փաստաթղթավորման աշպատանքներին։

    Հաշվի առնելով, որ ոստիկանության ամբողջ համակարգում ուժային գործողությունների համար նախատեսված ծառայողների թիվը սահմանափակ է, կարող ենք զուտ մաթեմատիկորեն հաշվարկել, թե որքան «վրանային օջախ» է պետք ստեղծել, որպեսզի ոստիկանությունն այլևս ունակ չլինի ապահովել «հասարակական կարգի պաշտպանությունը»․ դա մեծ թիվ չէ։ Բացի դրանից՝ մեկ վրանի պաշտպանության համար հավաքված պայմանական «իքս» թվով մարդկանց նկատմամբ բռնության գործադրումը քաղաքական ավելի մեծ վնասներ է հասցնում, քան այդ մի վրանի թույլատրման բերած քաղաքական վնասները։ Մեր գնահատականով այդ թիվը 2000-ն է։

  4. Եթե ոստիկանությունն այդպես էլ թույլ չտա վրանը տեղադրել, ո՞րն է լինելու շարժման հաջորդ գործողությունը

    Գործնականում մենք բացառում ենք այդ տարբերակը։ Եթե շարժումը չի կարողանում վրան տեղադրելու իր իրավունքը պահել, ապա ավելի մեծ խնդիր դնելու և լուծելու նրա կարողությունը մեծ հարցականի տակ է։

    Եթե ոստիկանությունը այնքան խելամիտ չլինի, որ ինչ-որ պահից թույլ չտա վրանի տեղադրումը, ապա կարճ ժամանակ անց փողոցում կկորցնի կառավարումը, իսկ նրանց քաղաքական հրահանգիչները կկորցնեն իշխանությունը։

  5. Վրանից բացի՝ ի՞նչ այլ ակցիաներ են նախատեսվում։ Ունե՞ք գործողությունների պլան

    Քաղաքացիական նախաձեռնությունների առանձնահատկությունն այն է, որ մարդիկ ազատ են իրականացնել այն ԽԱՂԱՂ ակցիաները, որոնք ճիշտ կհամարեն խնդրի լուծման համար։ Բոլոր այն դեպքերում, երբ ԽԱՂԱՂ ակցիաներ անելու ազատությունը տրվում է քաղաքացիներին, ի հայտ են գալիս մարդիկ ու խմբեր, որոնք իրենց ստեղծարարությամբ հետևում են թողնում նրանց, որոնք կարող էին ի սկզբանե պլանավորել այդպիսի ակցիաներ։

    Մեր փորձը ցույց է տվել, որ նախապես պլանավորվածի 80 տոկոսը իրականում չի կիրառվում և փոխարենը կիրառվում են այլ՝ ընթացքում ծագած, իրավիճակին համահունչ ակցիաներ ու մեթոդներ։ Այլ կերպ ասած՝ մենք կարող ենք որոշել ինչպես տալ մեկնարկը, բայց թե ինչպիսին կլինեն հետագա փուլերը, ցույց կտա մեր ու ոստիկանության ստեղծագործական մտքի աստիճանը։

    Յուրաքանչյուր ակցիայի բնույթ որոշվում է ստեղծված իրավիճակի, հանրության կողմից դրա ընկալման, եղած ռեսուրսների, դրված նպատակներին հասնելու համար այդ պահի նպատակահարմարության հիմքով։

  6. Ինչո՞ւ մարդիկ պետք է հավատան այս շարժման ազնվությանն ու հաջողությանը

    Մենք կրոնական քարոզիչներ չենք, մենք քաղաքացիներ ենք, որոնք տեսնում են սպառնալիքներ եւ դրանց չեզոքացման ճանապարհներ։ Մեզ հավատալ պետք չէ։ Պետք է ծանրութեթև անել մեր առաջարկած ճանապարհը ու որոշում կայացնել ըստ այդմ։ Սա ռացիոնալ գործողությունների ու ռացիոնալ որոշումների դաշտ է։ Մենք շատ կոնկրետ գործ ենք նախաձեռնել ու անելու ենք դա շատ կոնկրետ ճանապարհով։

    Եթե կողքից նայելով մարդը կարծում է, որ դա անելու իմաստ կա, ուրեմն մենք իրար հետ կանցնենք այդ ճանապարհը։ Եթե խնդիրը նաև ձերն է, եթե դրա լուծման ուղիները ձեզ համոզում են, դուք էլ միացեք ու միասին լուծեք խնդիրը։ Սա ամուսնության առաջարկ չէ։ Դուք միմյանց ոչ մի լրացուցիչ խոսք չեք տալիս, որ հավատարիմ մնաք իրար։ Հարցը բարձրացված խնդիրն է ու դրա լուծման հրատապությունը։

    Ամեն մարդ ինքն է որոշում իր առաջնահերթությունները։ Փողոցում մարդիկ են, որոնք խնդիրն իրենցն են համարում և գնում են դրա լուծմանը։ Եթե խնդիրը նաև ձերն է, բայց դուք չեք մասնակցում դրա լուծմանը, դուք թե՛ հաջողության, թե՛ անհաջողության դեպքում պարտվելու եք։ Անհաջողության դեպքում ձեր խնդիրը չի լուծվելու, իսկ հաջողության դեպքում այն չի լուծվելու այնպես, ինչպես դուք կցանկանայիք, մինչդեռ մասնակցությունը ձեզ որոշելու շանս կտա։

  7. Ո՞վ է լինելու շարժման առաջնորդը, ինչպե՞ս եք անելու, որ այդ առաջնորդը հետագայում չվերածվի «Նիկոլի»

    Ո՞վ է լինելու ձեր առաջնորդը։ Ո՞վ կարող է կառավարել երկիրը, եթե ոչ պայմանական Սերժը, Նիկոլը, Պուտինը, Նազարբաևը և այլն։ Այդ հարցը տալով հարցնողն ի նկատի ունի, որ երկրի կառավարման ղեկին չի պատկերացնում այլ անձի, քան վարչախմբի գործող ղեկավարն է։ Միաժամանակ, այդ հարցը բոլոր դեպքերում ծագում է, երբ արդեն պարզ է՝ գործող ղեկավարը ձախողվել է և նրան փոխելու անհրաժեշտություն է առաջացել։ Այս դեպքում է, որ հարցադրումն ավտորիտար երկրների վարչախմբերի համար պաշտպանական վահանի դեր է կատարում։ Բայց հարցրեք ինքներդ ձեզ՝ մի՞թե հնարավոր է, որ մի ամբողջ պետության մեջ չգտվի բարոյական ու մասնագիտական արժեքներով օժտված արդարամիտ այլ մարդ, ով ժողովրդին կհամոզի իր կոմպետենտության հարցում։

    Այդ հարցում մենք, իհարկե, լուրջ խնդիր ունենք։ Քաղաքայված քաղաքական դաշտում, ծանր վիճակում գտնվող երկրում չեն մնում հեղինակավոր անհատներ, իշխանությունները աշխատում են ամեն օր և ամեն օր արդար ու անարդար մեղադրանքներով սևացնում բոլորին: Որովհետև մեղքեր գործող և ձախողակ կառավարություն իրավունք չունի թույլ տալ, որ մարդիկ մտածեն այլ տարբերակի մասին:
    Բայց մի՞թե 1988-ին շարժմանը մասնակցող մարդիկ գիտեին, որ ի հայտ կգա Վազգեն Սարգսյան, որ նա կդառնա հեղինակություն, որ իր հետևից կգնան մահապարտներ, որ շարժումը կհասնի իր խոշոր նպատակներին: Ո՛չ, ոչ ոք չէր կարող դա գիտենալ: 1987-ին Հայաստանը չուներ ոչ պատրաստի առաջնորդ, ոչ պատրաստի բանակ, ո՛չ պատրաստի հրամանատարներ, ո՛չ պատրաստի զենք մատակարարողներ, փոխարենը ուներ պատրաստի վտանգ, որին հուսահատ սպասելու դեպքում կունենար պատրաստի աղետ։ Ահա այս պայմաններում մարդիկ ոչ թե որոշել են իրենց բաժին պատասխանատվությունը դնել դեռ չպարզված առաջնորդի վրա այլ դուրս գալ փողոց և ծնել առաջնորդներ, զենք վերցնել ու կերտել հրամանատարներ: Մարդիկ որոշել են չմեռնել անորոշ սպասման մեջ:

    Իհարկե մեր պատմության ընթացքում մենք արել ենք նաև սխալներ: Այդպիսի սխալներ Ֆրանսիան արել է 5 անգամ մինչև որ դարձել է այսօրվա Ֆրանսիան, Գերմանիայի սխալները արժեցել են միլիոնավոր մարդկանց կյանքեր և տարիների տառապանք ավերված երկրում: Բայց մի՞թե մեր սխալ որոշումներից մեր հետևությունը տանը փակվելը ու ոչինչ չանելն է: Մի՞թե այդպես են արել ֆրանսիացիներն ու գերմանացիները, որևէ հաջողված պետություն կա՞ որ վարվել է այդպես: Ո՛չ, ո՛չ ոք այդպես չի անում: Ձևը մեկն է՝ պատժել խաբողներին ի ցույց հաջորդների, չսիրել առաջնորդին հոր նման, այլ սիրել դեռահաս որդու նման, որին պետք է հսկել ու հետևել, որովհետև միշտ հակված է անելու թաքուն և վտանգավոր բաներ: Ահա սա պետք է փոխենք, ոչ թե թերթենք առաջնորդների մենյուն ու հուսահատվենք, որ մեր ախորժակին հարմար առաջնորդ չկա:

    Ձևավորվող շարժումը առաջնորդ ընտրելու լեգիտիմություն չունի։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք կարող են ինչ-որ փուլում ընկալվել որպես առաջնորդներ, հաջորդ փուլում կարող են արդյունավետության առումով լինել անպիտան։ Շարժման ամեն հաջորդ փուլ իր առաջնորդին է ծնում։ Եվ առաջնորդների ներկայիս ընտրությունը անիմաստ կդառնա ապագայում։ Վարչապետի թեկնածու կլինի այն մարդը, որ իրեն լավագույնս կդրսևորի շարժման ամբողջ ընթացքում և որին կընդունեն նոր պետության ու նոր կանոնների շուրջ համաձայնության եկած շարժման մասնակիցները։ Միայն այդ առաջնորդի նկատմամբ վստահությունը, նշված գործն անելու նրա կարողությունների վերաբերյալ հավատն է, որ ընկնելու է թեկնածուի ընտրության հիմքում։ Ներկայումս այդպիսի առաջնորդի ընտրությունն անիմաստ է։ Ներկայումս մեր՝ քաղաքացիներիս գործ անելու ժամանակն է, հետո կլինի կառավարիչների աշխատելու և մեր վերահսկելու և թե պետք լինի պատժելու ժամանակը:

  8. Եթե նախկին ու ներկա տարբեր քաղաքական ուժեր ցանկանան միանալ այս շարժմանը, ո՞րն է լինելու ձեր դիրքորոշումն այդ հարցում, ի՞նչ ուժերի հետ եք պատրաստ համագործակցել եւ ի՞նչ ձեւաչափով

    Նախ կարևոր է, որ այս շարժմանը միանալը ոչ մի լրացուցիչ իրավունք չի շնորհում և ոչ մի պատասխանատվությունից չի ազատում մեզնից որևէ մեկին։ Շարժումը շատ կոնկրետ օրակարգ ունի և միանալ շարժմանը նշանակում է աշխատել դրա նպատակներին հասնելու համար՝ ոչ ավելին և ոչ էլ պակաս։ Մենք նախագծել ենք շատ գործ անող և քիչ խոսող գործընթաց, որտեղ ելույթների, բեմերի, բոցաշունչ ճառերի մրցույթներ չեն լինելու։ Ըստ այդմ, եթե որևէ կուսակցություն ուզում է միանալ շարժմանը, դրա համար մի ձև կա՝ բոլորիս հետ հավասար անել այն գործը, որը նախատեսված է՝ պահպանելով կուսակցական սիմվոլիկաներ չցուցադրելու և բռնություն չկիրառելու կանոնները։

    Ինչ վերաբերում է անհատներին՝ կանոնները նույնն են, իսկ կազմակերպչական մարմնին կարող են միանալ նրանք, ովքեր կամ չեն լինի կուսակցական, կամ կդադարեցնեն անդամությունը կուսակցությանը, որովհետև ձևավորված շարժումն ապակուսակցական է։

  9. Եթե շարժմամբ հնարավոր լինի հեռացնել այս իշխանությանը, ինչպե՞ս եք անելու, որ արատավոր ուժերը չհայտնվեն դաշտում եւ փորձեն որոշումներ կայացնողների շարքում լինել կամ իշխանություն վերցնել

    Որևէ խումբ, նախաձեռնություն, կուսակցություն իրավունք չունի որոշել, թե որ ուժերն են արատավոր, որոնք՝ անարատ։ Դրա գնահատականը տալիս են ընտրողները, իսկ մենք հիմա նախընտրական դաշինք չենք կազմում։ Եթե խոսքը նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչների մասին է, ապա վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ ընտրողները մերժում են այդպիսի ուժերը, իսկ եթե խոսքը կառավարության հետ յուրահատուկ մերձեցում ունեցող ուժերի մասին է, կարծում ենք՝ նրանց բավականաչափ ժամանակ պետք կլինի կատարվածը գնահատելու և ուշքի գալու համար։

    Ամեն դեպքում չկա գործնական որևէ եղանակ, որով հնարավոր կլինի իր խնդիրը դրած ու լուծած ժողովրդին պարտադրել այլ բան, քան այդ ժողովուրդը կուզի։ Չի կարող հաջողել մի շարժում, որի առաջնորդությունը լայն հանրությունը կհամարի արատավոր, միեւնույն ժամանակ, հաջողված շարժման կամքին հակառակ բաներ չեն կարող լինել։

  10. Եթե շարժման ընթացքում պատերազմ սկսվի, ի՞նչ որոշում եք կայացնելու, արդյոք շարժումը դադարելո՞ւ է, եթե ոչ, ապա այդ պայմաններում ի՞նչ գործողություններ եք իրականացնելու

    Երբ շարժումը հասնի այն կետին, որ իր գործողություններից կախված կլինեն պատերազմի լինել-չլինելու տարբերակները, ապա մենք մեր այդ դերը կօգտագործենք քաղաքական անկայուն վիճակում պատերազմ թույլ չտալու համար։ Սակայն մեզ վրա հարձակվելու որոշումը մենք չենք կայացնում, ու եթե նման բան լինի, ապա մեր որոշումը ամեն գնով հայրենիքը պաշտպանելն է։

  11. Եթե շարժումը հաջողի, ի՞նչ գործընթացներ են հաջորդելու (ժամանակավոր կառավարություն, արտահերթ ընտրություններ և այլն)

    Խորհրդարանն ընտրելու է Շարժման առաջարկած վարչապետին, որը ձևավորելու է կառավարություն։ Շարժումը կողմ է, որ նոր վարչապետը ազատ լինի ձևավորել կառավարության այն կազմը, որը իրեն հնարավորություն կտա իրականացնել շարժման նպատակները, ազատ լինել քաղաքական առևտրի կապանքներից, որպեսզի լիարժեք պատասխանատվություն կրի ողջ գործընթացի համար։

    Այդ գործունեության իրականացումը վերահսկելու համար Շարժումը լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներներ կմշակի եւ կներդնի։

    Ապագա խորհրդարանը կձևավորվի 2026թ․ հերթական ընտրությունների միջոցով, եթե ներկայիս գումարման խորհրդարանը խոչընդոտներ չհարուցի Շարժման նպատակներին հասնելու գործում։ Հակառակ դեպքում Շարժումը սահմանադրական ճանապարհով կհասնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

  12. Որո՞նք են ներքին եւ արտաքին քաղաքականություններում ձեր առաջնահերթությունները

    Սպասարկել հայ ժողովրդի պետական շահը, ոչ մի պարագայում Հայաստանի համաձայնությամբ չլեգիտիմացնել Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի արդյունքները։ Ներպետական, Սփյուռքի և արտաքին այլ ռեսուրսներ մոբիլիզացնելով՝ ապահովել Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունը։

    Ինքնիշխանության բերումով ձեռք բերել նոր դաշնակիցներ նրանցից, ովքեր իրենց պետական տարատեսակ շահերի մեջ կտեսնեն նաև մեր շահերի համադրումը։ Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանը լավ բարեկամ է եւ վտանգավոր թշնամի։

  13. Ի՞նչ եք ծրագրում անել Արցախի հարցով, երբ արդեն կայացած փաստ է, որ Արցախում գրեթե հայ չի մնացել, իսկ Հայաստանի կառավարությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինչպե՞ս եք պատրաստվում հետ շրջել այս իրողությունը, հրաժարվելո՞ւ եք Պրահայի և այլ պայմանավորվածություններից, որոնք վերաբերում են Արցախին, չե՞ք տալու Սյունիքով ճանապարհ կամ անկլավները

    Մենք կարծում ենք, որ Հայաստանի ճանապարհը իրավունքները չզիջելն է։ Դա վերաբերում է թե՛ տարածքների նկատմամբ իրավունքներին, թե՛ միջազգային իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտին հատուկ ճանաչված այլ իրավունքներին։
    Մեր նպատակն է նպաստել, որպեսզի արցախցի մեր հայրենակիցները հասնեն Հելսինկիի եզրափակիչ ակտի և ՄԱԿ Կանոնադրության համաձայն իրենց ունեցած իրավունքների ճանաչմանը։ Մնացածը կառավարության խնդիրն է․ նոր կառավարությունը կարող է ձևավորվել, եթե կիսի այս սկզբունքները, իսկ թե ինչ մանրամասներով, դա այդ կառավարության և դրա պրոֆեսիոնալների խնդիրն է։

  14. Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների առաջ առանցքային տարբեր հարցերով (օրինակ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցով) մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը, շարժումը հաջողելու դեպքում, երբ Հայաստանի դիրքորոշումը նորից փոխվի, ըստ ձեզ՝ դա չի՞ դիտվի որպես անհետևողական եւ անլուրջ քաղաքականություն։ Ձեր կարծիքով՝ վտանգն ավելի շատ այստե՞ղ է, թե որ դա դուր չի գա Ադրբեջանին եւ Թուրքիային՝ իր հնարավոր հետևանքներով

    Պետական որևէ շահի ձևակերպում և իրականացում չի պահանջում դրա համադրությունը ուրիշների, առավել ևս թշնամի երկրների ցանկությունների ու իղձերի հետ։ Սովորաբար բոլոր պետությունները հաշվի են նստում պետականակերտ ժողովուրդների կամքի հետ և ըստ այդմ պլանավորում իրենց հետագա քայլերը։

    Հայաստանի կառավարության փոփոխությունը ակնհայտորեն կախված է լինելու նրանից, թե ինչքանով է ՀՀ քաղաքացին համաձայն կամ անհամաձայն վարվող քաղաքականության հետ։ Շարժման հնարավոր հաջողությունն ու անհաջողությունը դրա արտահայտման դրսևորումն են լինելու։

    Պետությունները ստիպված են լինելու հաշվի նստել դրա հետ՝ առանց ավելորդ գնահատականների։ Եկեք չմոռանանք, թե, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ինչ հեզությամբ լսեցին Ալիևի կշտամբանքն ու շարունակեցին մրցել Ադրբեջանի շահերի ու բարեհաճությունը նվաճելու համար՝ ՄԽ ձևաչափից դուրս։

  15. Ինչո՞ւ հանդես չեք գալիս երկարաժամկետ կոնկրետ ծրագրով, տպավորություն է, թե հենց շարժումը հաջողեց, վաղն ամեն ինչ կարգավորվելու է միայն նրա համար, որ դուք իրավունքները չեք զիջելու

    Մենք չենք ասել, որ Շարժման հաղթանակից հետո հաջորդ օրն ամեն ինչ կարգավորվելու է։ Հակառակը՝ մենք ասում ենք, որ պետություն ունենալու համար արյուն ու քրտինք պետք է թափել։ Հաշվի առնելով մեր ունեցած մարտահրավերները՝ դա շատ ինտենսիվ ու քրտնաջան աշխատանք է լինելու։

    Մենք կուսակցություն չենք։ Քաղաքացիական շարժումների տրամաբանությունն այն է, որ դրանք կոնկրետ խնդրի լուծման շուրջ ձևավորված մարդկանց բազմություն են։ Դրված խնդրի անհրաժեշտ պլանավորման ատրիբուտները կան, դրանից հետո Շարժումն ինստիտուցիոնալ տեսքով ցրվում է կամ պահպանվում այնքանով, ինչքանով անհրաժեշտ է պահպանել՝ վերահսկողության նպատակներով։

  16. Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան, ո՞ւմ հետ է դաշնակցելու Հայաստանը

    Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանն իր համար հստակ նպատակ չի սահմանել, որպեսզի դրա հետ այլ երկրների շահեր համադրվեն։ Մյուս պատճառը, որի բերումով մենք դաշնակից չունենք, այն է, որ մենք ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ, որի որոշումները իր փոխարեն ուրիշներն են կայացնում։ Այն պահին, երբ Հայաստանը կհայտարարի իր սուբյեկտ դառնալու և իր նպատակների մասին, դրանց շուրջ հետաքրքրությունը կդրսևորվի ինքնին։

    Ելնում ենք նրանից, որ պետությունների արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկիրը սպառնալիքներից զերծ պահելու հիմնարար առաջադրանքն է։ Այդ հիմքով էլ ու նաև հետագա բարեկամության համար էլ կառուցվում են հարաբերությունները։ Դաշնակիցները, թշնամիներն ու չեզոքները կպարզվեն առաջին շփումներից հետո։

    Եվ, ընդհանրապես, այդ հարցերը պետք է ուղղվեն նոր կառավարությանը, բայց նույնիսկ այդ դեպքում նոր պաշտոնյաներին 100 օր ժամանակ են տալիս իրավիճակին ծանոթանալու համար։ Ներկայումս բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ չեն կարող լինել։