Հետևեք մեզ

Ինչ անել, երբ քեզ բերման են ենթարկել

Մեր իրականությունում, երբ բողոքի ակցիաները անհարմարություն են պատճառում կառավարող ուժին, ոստիկանության ծառայողները վարչական ձերբակալման, կամ, այլ կերպ ասած, բերման են ենթարկում ցուցարարներին։ Դրանում որևէ սարսափելի բան չկա, հատկապես երբ գիտես, թե ինչ իրավունքներ ունես։

Նախևառաջ հիշեք, որ բերման ենթարկվելիս իրավապահ համակարգի աշխատակիցների հետ պետք է լինել հարգալից՝ չօգտագործել վիրավորական բառեր ու չփորձել ուժ գործադրել նրանց նկատմամբ։ Նույն պատշաճ պահվածքը պետք է դրսևորել նաև ոստիկանության բաժիններում։

Այն, ինչ մեր սիրելի ոստիկանները երբեք չեն անում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենի 5-րդ կետի մասն է․ «…Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը»:

Երբ ձեզ վարչական ձերբակալման են ենթարկել, ոստիկանության բաժնում դրա մասին պետք է կազմվի արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ամսաթիվը, ժամն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին, ձերբակալման ժամանակը, տեղը և հիմքերը: Այդ արձանագրությունը ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը և ձերբակալվածը: Բայց դուք կարող եք հրաժարվել ստորագրել արձանագրությունը, ինչի մասին դրանում պետք է նշվի։

Ավելին, դուք կարող եք օգտվել լռելու ձեր հիմնարար իրավունքից և հրաժարվել ներկայացնել ձեր անձնական տվյալները, այդ թվում՝ նույնականացվել, իսկ ոստիկանության ծառայողները իրավունք չունեն ձեր կամքին հակառակ (այդ թվում ձեզանից գաղտնի) նույնականացնել ձեզ էլեկտրոնային սարքերի միջոցով։ Լռելու իրավունքը ենթադրում է, որ դուք կարող եք չհայտնել բանավոր տեղեկություններ, չտրամադրել նյութեր, չտրամադրել ձեր կենսաչափական որևէ տվյալ, այդ թվում լուսանկարահանմամբ կամ տեսանկարահանմամբ, որով հնարավոր կլինի ձեզ նույնականացնել։

Ոստիկանական բաժիններում իրավունքից և օրենքից անտեղյակ որոշ ոստիկաններ առանձնակի «դաժան» դեպքերում փորձում են վարչական ձերբակալվածին վերաբերվել այնպես, ինչպես առերևույթ քրեական հանցանք կատարածին։ Երևի թե իմաստ ունի դրա մասին լրացուցիչ հիշեցնել։ Այդ վերաբերմունքն արտահայտվում է նրանով, որ փորձում են լուսանկարահանել, խուզարկել, իսկ որոշ դեպքերում նաև մատնահետք վերցնել։ Հիշե՛ք, ոստիկանի «օրինական» պահանջը չկատարելու համար վարչական ձերբակալումը և արձանագրության կազմումը նույնն է, ինչ, օրինակ՝ կարմիր լույսի տակ անցնելն ու դրա համար ՃՈ տեսուչների կողմից արձանագրության կազմումը։ Ողջամտորեն, եթե դուք փաստաթղթեր ներկայացնեք, պետք է որ ձեր եթնեադրյալ զանցանքի մասին արձանագրությունը կազմվեր տեղում։ Բայց երբ խոսքը քաղաքական գործընթացների մասին է, բոլոր դեպքերում վարչական ձերբակալում են իրականացնում։ Դուք ոստիկանության բաժնում եք բացառապես նրա համար, որ ձեր նկատմամբ արձանագրություն կազմվի, ոչ ավելին։ Հետևաբար, ձեզ պահեք համապատասխանաբար և նույն վերաբերմունքը պահանջեք ոստիկաններից։

Այն դեպքում, երբ ոստիկանության ծառայողները ձեր կամքին հակառակ կփորձեն լուսանկարահանման միջոցով նույնականացնել ձեզ, կարող եք զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով, իսկ եթե ոստիկանության բաժնում կա ՄԻՊ արագ արձագանքման խմբի աշխատակից, ապա տեղում հայտնել նրան իրավախախտման մասին։ 

Վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, իսկ վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է ձեզ փաստացի ազատությունից զրկելու պահից: Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի։

Վարչական ձերբակալման ենթարկված անձի խնդրանքով իր գտնվելու վայրի մասին պետք է տեղյակ պահվեն հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան, անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է:

Դուք նաև հարազատներին մեկ զանգի իրավունք ունեք, որպեսզի հայտնեք, թե որտեղ եք գտնվում։ Բացի այդ զանգը, դուք կարող եք նաև զանգել ձեր փաստաբանին և ՄԻՊ գրասենյակ։ Դուք իրավունք ունեք կատարել բոլոր նշված հեռախոսազանգերը։ Երբ ոստիկանները այդ կապակցությամբ առարկություններ կունենան, խնդրեք ավելի մանրամասն ուսումնասիրել ՎԻՎՕ-ն (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը)։

Ձերբակալվածի մոտից իրեր և փաստաթղթեր վերցնելու դեպքում այդ մասին պետք է կազմվի արձանագրություն կամ համապատասխան նշում արվի վարչական իրավախախտման վերաբերյալ, իրերի զննության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ: Ոստիկանության բաժիններում հաճախ խնդրում են անջատել հեռախոսը։ Բնական է, որ ձեր կարգավիճակից ելնելով, ոստիկանները իրավունք չունեն նման բան պահանջել։ Նրանք դա անում են վախից, որ կձայնագրեք կամ կնկարեք ոստիկանության բաժնում տեղի ունեցողը։ Ոչ մի դեպքում ոստիկաններին մի հանձնեք ձեր հեռախոսը։ Օգտվեք հեռախոսից նախատեսված, ձեզ անհրաժեշտ հեռախոսազանգերը կատարելու համար։

Վարչական ձերբակալումը, անձնական զննությունը, իրերի զննությունը և իրերն ու փաստաթղթերը վերցնելը շահագրգիռ անձը կարող է գանգատարկել վերադաս մարմնին (պաշտոնատար անձին) կամ դատախազին:

Սուրեն Սահակյան