Հետևեք մեզ

Ինչպես անել հեղափոխություն

Սպառնալիք

Հայկական տիրույթում խոսում են հայկական Արցախին սպառնացող վտանգների մասին, քննարկում այն պահելու կամ կորցնելու հեռանկարները։ Մեր խորին համոզմամբ՝ խնդիրն ամենևին Արցախն ու նրա կարգավիճակը չեն, այլ Հարավային Կովկասում հայկական գործոնի ազդեցության չեզոքացումը։ Չկա՛ և չկար էլ Արցախի առանձին խնդիր։ Եթե նախկինում դրա վերաբերյալ կասկածներ կային, ապա Արցախի հայաթափումից հետո դրանք պետք է որ փարատված լինեն։ Արցախի պատկանելության հարցով տարածաշրջանային տերությունների կոնսենսուսը ընդամենը մի սկզբնական փուլ է լինելու Հայաստանի սուբյեկտայնությունը կամ գոյությունը հարցականի տակ դնելու համար։ Այդ ծրագրի իրագործման դեպքում կմնան հայերը տարածաշրջանում, թե ոչ՝ հարցականի տակ է։ Ըստ թշնամական քաղաքական նարատիվների, որոնք շարունակ կրկնում է նաև Հայաստանի կառավարությունը, այդ պլանների իրագործման դեպքում լավագույն տարբերակը կմնա ինչ-որ կասկածելի ինքնուրույնությամբ հայկական մի համայնք, որը զրկված կլինի սեփական քաղաքական օրակարգ ունենալու իրավունքից։

Արցախի հարցի փակմանը հաջորդող տրամաբանական փուլը Հայաստանի չեզոքացումն է՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Դրա համար անհրաժեշտ է Հայաստանի ամբողջ տարածքը դարձնել վիճելի։ Սրա համար Ադրբեջանը հռչակել և սկսել է շրջանառել «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։ Ըստ այդ հայեցակարգի՝ ներկայիս Հայաստանը ադրբեջանցիների պատմական հայրենիքն է՝ «Արևմտյան Ադրբեջանը», որտեղից իբրև թե մենք նրանց քշել ենք ցեղասպանելու, կոտորածի ու էթնիկ զտումների միջոցով։ Նրանք ՄԱԿ-ի երկրներից պահանջում են ապահովել իրենց «վերադարձը պատմական հայրենիք»։ Այդ մասշտաբային վերաբնակեցումը (մոտ 300.000 քաղաքացի) կազմակերպելու համար միջազգային հանրությունից նրանց պահանջներն են․

  1. Թույլ չտալ հայկական կառավարությանը որոշել, թե որտեղ են իրենք վերաբնակեցվելու։
  2. Ձևավորել իրենց վստահությունը վայելով երկրների մասնակցությամբ խաղաղապահ զորախումբ և մինչև վերաբնակեցումը այն մտցնել ՀՀ տարածք։ Այդ զորախումբը պետք է մնա այնքան, մինչև ձևավորվեն տեղական ինքնապաշտպանական ուժեր։
  3. Հայաստանում հնարավոր դարձնել ադրբեջաներենի ուսուցումը և այն գործածական լեզու դարձնել օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում։
  4. ՀՀ օրենսդրական ամբողջ բազան թարգմանել ադրբեջաներեն և հասանելի դարձնել վերաբնակեցվող ադրբեջանցիների համար։ 
  5. Դատական մարմիններում ապահովել ադրբեջանցիների մասնակցությունը։
  6. Այս բոլոր կարգավորումները ներառել կնքվելիք հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրում»։

Սակայն սպառնալիք նույնիսկ ոչ թե ադրբեջանական այս նարատիվներն են, այլ  Հայաստանի արձագանքը դրանց և ՀՀ դիմադրության ռեսուրսը․ այս սպառնալիքին Հայաստանի Հանրապետության արձագանքն ադեկվատ չէ։ ՀՀ կառավարությունը որդեգրել է մի ճանապարհ, որը Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչել է այսպես․ «Ով առաջիկայում Հայաստանի ապագան տեսնում է տարածաշրջանային երկրների հետ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, լավ մղումներով, թե վատ մղումներով, երկրի գոյությունը կասկածի տակ է դնում»։ Այսինքն՝ Հայաստանն ընտրել է հանձնվելու, թշնամական բոլոր քաղաքական նարատիվներն իրագործելու, Հայաստանի գոյությունը կասկածի տակ առնելու և տարածաշրջանի հայության գլխին լրացուցիչ սպառնալիքներ ստեղծելու ճանապարհը։ Այս սպառնալիքների իրագործման դեպքում այսօրվա տեսքով Հայաստանը կդադարի գոյություն ունենալ։ Հայաստանը, հակառակ վարչապետի պնդման, կպարտվի ո՛չ թե պայքարելով, այլ հրաժարվելով դա անել։

Խնդիրներ

Այս սպառնալիքներին համարժեք պատասխանելու համար Հայաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը, որդեգրի պայքարի ճանապարհը՝ այն, ինչի համար ստեղծվում են պետությունները։ Այս ճանապարհին մենք ունենք մի շարք խնդիրներ։ Նախ, Հայաստանի 3 հանրապետություններից ոչ մեկը չի եղել այնտեղ բնակվող քաղաքացիների միջև պայմանավորվածությունների արդյունք։ Երեք հանրապետություններն էլ ստեղծվել են արտաքին գործոնների ազդեցության տակ, եղել են արտաքին քաղաքական խաղացողների պայմանավորվածությունների արդյունք և ունեցել են որոշումների կայացման իրավունքի սահմանափակ շրջանակ։ Հետևաբար, ներկայիս Հայաստանը գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար չունի բավարար ինքնիշխանություն։ Այն նույնիսկ իր արտաքին գործերի նախարարին և ԶՈՒ ԳՇ պետին ինքնուրույն, առանց համաձայնեցման նշանակելու իրավունք չունի։ Որոշումների կայացման այսպիսի շրջանակ ունեցող պետությունը չի կարող չեզոքացնել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Մյուս կողմից, Հայաստանի հետ միջազգային այլ խաղացողների ռազմավարական գործընկերությունը նույնպես հնարավոր չէ, քանի որ բոլորը գիտեն՝ Հայաստանի հետ որևէ պայմանավորվածությունն անիմաստ է, եթե դա նախապես համաձայնեցված չէ ՌԴ հետ։

Բայց անգամ դա էլ ամենասարսափելին չէ։ Ամենաբարդ խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը 2020թ․ պատերազմում պարտությունից հետո կորցրել է որոշակի կարևոր կետերի շուրջ համընդհանուր համաձայնության գալու իր հատկությունը կամ երբեք էլ այդպիսի խնդիր չի դրել իր առջև։ Անհանդուրժողականությունը, միմյանց մերժելն ու վանելը կյանքի ու կենցաղի սովորական պրակտիկաներ են դարձել Հայաստանում։ Այս վիճակն ավելի է խորանում, երբ կոլաբորացիոնիստական կառավարությունը անդադար նոր խրամատներ է փորում հանրության այս կամ այն հատվածի համար և դրանով ապահովում իր երկարակեցությունը։

Պարտվողականությունը, իրավունքների զիջումը այլընտրանք չունեցող գործունեություն հռչակած կառավարությունը թույլ չի տալիս ողջամտության որևէ դիսկուրս։ Դրանք ծաղրվում են, հանդիպում պետական քարոզչամեքենայի բիրտ դիմադրությանը և ծածկվում հազարավոր այլ դրական նորություններով, ինչպիսին են հանրապետության ճանապարհների ասֆալտապատումը և դպրոցների ու մանկապարտեզների շինարարությունն ու վերանորոգումը։ ՀՀ կառավարության գործելաոճը և այլընտրանքային առաջարկները մերժելը քաղաքացիներին ստիպում է նստել հեռուստացույցների ու համակարգիչների առաջ և առանց որևէ ապրումակցման հետևել, թե ինչպես է պատերազմում, ոչնչանում մեր ինքնության մի մասը՝ Արցախը, խոշտանգվում և սովի մատնվում Արցախի բնակչությունը՝ մայր ու մանուկ։ Այդ քաղաքականության հետևանքը հանրության բարոյազրկումն է, արտագաղթը, Հայաստանի ապագայի հետ հույսերի կորուստը, ի վերջո՝ Հայաստան պետության իմաստի կորուստն ու ֆիզիկական վերացումը։

Լուծումներ

Հայաստանը, հաշվի առնելով թշնամիների վարած ագրեսիվ, զավթողական քաղաքականությունը, տարածաշրջանային կոնֆլիկնտները և միջազգային բարդ իրադրությունը, չի կարող դառնալ կամ մնալ «հասարակ» պետություն՝ Էստոնիայի, Հոլանդիայի կամ աշխարհի՝ տարածքով ու ռեսուրսներով համադրելի այլ պետությունների նման։ Հայաստանը պետք է դառնա «հատուկ» պետություն, որտեղ այս կամ այն խնդիրների լուծումը համահունչ է ստեղծված իրավիճակին ու սպառնալիքներին։ Դա իրագործելը գերմարդկային ճիգեր է պահանջում, գուցեև՝ զրկանքներ, գուցե՝ պատերազմելու անհրաժեշտություն։ Բայց Հայաստանի շարունակական գոյությունն ապահովելու համար մենք այլընտրանք չունենք, քան մերժել կառավարության առաջարկած քաղաքականությունը և որդեգրել պայքարի ճանապարհը։ 

Պայքարի ճանապարհին Հայաստանը պետք է լուծումներ գտնի իր քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական ու պարենային ինքնուրույնությունն ապահովելու համար։ Այս ճանապարհը հաջողելու համար կա երկու նկատառում․

  1. Համոզմունք, որ մենք այլընտրանք չունենք, որ խնդիրը հասցրել ենք դեռևս լուծելի երկընտրանքի՝ իրականացնում ենք փոփոխությունները կամ վերանում որպես քաղաքական գործոն ունեցող և իրավունքներով օժտված սուբյեկտ։
  2. Մենք նման բարդ խնդիրներ լուծել չենք կարող՝ պայմանավորված սեփական ուժերով և հանրության դիմադրության ներկայիս ներուժով։ Հետևաբար, պետք է ձևակերպել մեր շահերը և դիվանագիտական ջանքերի ու Սփյուռքի ներուժը մոբիլիզացնելու միջոցով հասնել դրանց շուրջ բնական դաշինքների։

Դաշնակիցներ գտնելն ունի մի լուծում՝ հայտարարել Հայաստանի ու նրա ժողովրդի քաղաքական ինքնորոշման մասին։ Աշխարհի բոլոր երկրները պետք է տեղեկացվեն, որ այստեղ ծնվում է մի սուբյեկտ, որի հետ հարաբերությունների կարգավորման համար պետք է զրուցել պաշտոնական Երևանի հետ, ոչ թե Մոսկվայի, Անկարայի, Վաշինգտոնի կամ այլ ուժային կենտրոնի։ Աշխարհի երկրներից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի՝ հարաբերվել և ստանալ ևս մեկ բարեկամական սուբյեկտ, որի հետ հնարավոր է իրականացնել փոխշահավետ համագործակցությո՞ւն, թե՞ թողնել նախախնամությանը՝ այն տարբերակը հաշվի առնելով, որ այդ սուբյեկտը ընդհանուր շահեր գտնելով իրենց թշնամական երկրների հետ, սպառնալիք կդառնա։ Վստահաբար կարելի է ասել, որ ընդհանուր շահեր գտնելու մոտեցումը հետաքրքրելու է մեր մեծ ու փոքր տարածաշրջանի բոլոր երկրներին։ Եվ եթե մի երկիր մեր ինքնորոշման մեջ սպառնալիք կտեսնի, նրա բնական մրցակիցներն էլ բարեկամություն կփնտրեն։

Սրանից զատ, պետք է աշխատել հանրության մտածողության փոխակերպման  ուղղությամբ։ Ներկայումս մեզ պակասող ամենակարևոր հատկանիշը համերաշխությունն է։ Համերաշխությունը չի կարող հիմք չունենալ։ Առաջարկում ենք այդպիսի հիմք դարձնել միմյանց ֆիզիկական անվտանգությունը ապահովելն ու մշակութային ինքնությունը պահպանելը։ Սա այն նվազագույնն է, ինչի հիմքով ստեղծվում են պետությունները։ 

Այդ հիմքով ձևավորված պետության քաղաքացիների հանրային հարաբերությունները կարգավորելու համար առաջարկում ենք 3 փոփոխություն․

  1. Բացառել միմյանցից գողությունը (կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն, դատապարտում)։
  2. Կրթության և գիտության համակարգերի վրա ուշադրության կենտրոնացում, ընդհուպ՝ սոված մնանք, բայց կրթվենք ու զարգանանք, մեր կյանքը կազմակերպենք՝ հիմքում ունենալով գիտական նորարարությունները։ Հանրային հարաբերությունների դրսևորման յուրաքանչյուր ոլորտում ամենաժամանակակից տեխնոլոգիաների մշակում և ներդրում։
  3. Սովորել «հերթ կանգնել»։ Փոխել միմյանց նկատմամբ վերաբերմունքը՝ պրոպագանդելով, որ յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, միմյանց շահերի շուրջ համերաշխությունը լրացուցիչ կետով բարձրացնում է երկրի անվտանգության մակարդակն ու հզորությունը։

Այսպիսի քաղաքականության արդյունքը պետք է դառնա այն, որ Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն պատկերացնող երկիր պետք է 100 անգամ մտածի։ Եղած մարտահրավերներին մեր հնարավոր արձագանքը պետք է կառուցել այնպես, որ մեզ որպես սպառնալիք դիտարկելը կամ մեր նկատմամբ սպառնալիք առաջացնելը լինի 1000 անգամ պակաս շահավետ, քան մեզ հետ համագործակցելը։ Դա ենթադրում է ազդեցության տիրույթի այնպիսի լայնացում, որ բազմապատկվի տարածաշրջանային տնտեսական կապերի, ռազմական հավասարակշռության վրա մեր որոշումների ազդեցությունը։ Հայաստանում ներկայումս այսպիսի մտքերը կարող են ծաղրի արժանանալ, սակայն չկա մի հանրություն, որ իր առջև խնդիր դնի ու չկարողանա դա լուծել․ խոսքը միլիոնավոր մարդկանց ջանքերը կենտրոնացվելու վրա ոչ միայն երկրի ներսում, այլև օգտագործելով  Սփյուռքի ներուժն ու նրա ցանցերի ազդեցությունը աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքական էլիտաների ու խորքային պետության էլեմենտների վրա։

Կոնկրետ քայլեր

Նկարագրված արդյունավետ գործող պետությունը մի դեպքում  է հնարավոր, երբ ստացվիհասնել նշված հարցերի շուրջ հանրային համաձայնությունների։ Դրան հասնելու համար պետք է անխոցելի փաստարկների միջոցով նկարագրել, բնորոշել ներկայիս կառավարության վարած արատավոր ու վնասարար քաղաքականությունն ու դրա հետևանքները, մյուս կողմից՝ ձևակերպել և ներկայացնել դրա այլընտրանքային առաջարկը։ 

Այս գործը հաջողելուց հետո պետք է քաղաքական տեխնոլոգիաների միջոցով հանրությանը ներգրավել երկու ձևակերպված՝ մի կողմից վարվող և մյուս կողմից՝ առաջարկվող քաղաքականությունների միջև։ Հանրությունը երբեք իր կամքով չի ներգրավվում քաղաքական նման գործընթացներին։ Նրան պետք է կտրել իր առօրյա կյանքից, սովորական դարձած կյանքը այս կամ այն կերպ անհնարին դարձնել և հայտարարել՝ «դժոխքը» կավարտվի անմիջապես, երբ ընտրությունը կատարված կլինի։ 2018-ին, օրինակ, այդպիսի քայլերից մեկը քաղաքում երթևեկությունն անհնար դարձնելն էր։ Ընդ որում, եթե 2018թ․ դա կատարվել է ֆիզիկական ներկայությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների բլոկադայի միջոցով, ապա ներկայումս դա կարելի է անել երթևեկության պիկ ժամերին կոչ անելով, որ օրակարգն իրենցը համարողները ուղղակի դուրս գան կենտրոնով երթևեկելու։ Դա մարդկանց անոնիմ մնալու հնարավորություն կտա։ Մշակել ենք և կարող ենք մշակել լրացուցիչ ու ավելի մասշտաբային այլ ակցիաներ, սակայն դրանց մասին խոսելը վաղաժամ է։

Մենք Մաշտոցի պուրակում իրականացրել ենք «վրանային ակցիաներ»։ Տեղադրել ենք վրան, ինչին ոստիկանությունը ոչ համարժեք է արձագանքել՝ թույլ չտալով ակցիան իրականացնել։ Դրանց նպատակն ու ազդեցությունը մի քանիսն են․

  1. Մենք ներկայումս հանրության լայն շերտերի հետ համաձայնությունների չենք եկել Հայաստանի ապագայի հարցում։ Միաժամանակ դա ամենակարևոր հարցն է, որ կարող է հանգեցնել մեր խնդիրների լուծմանը։ Եթե մենք համաձայն ենք խնդրի լուծման առաջարկվող տարբերակների հետ, ապա պետք է կարողանանք համատեղ աշխատել, ցույց տալ, որ այդ նպատակի համար կարող ենք նվազագույնը դուրս գալ մեր կոմֆորտ զոնայից։ Վրան տեղադրելը և մեր իրավունքների իրացման խոչընդոտները չեզոքացնելը փոքր խնդիր է, որ պետք է կարողանա լուծել խումբը, հանրությունը, որն ուզում է վերոնշյալի նման մասշտաբային խնդիրներ լուծել։ Մենք կարող ենք իրար ցույց տալ, որ հաստատակամ ենք մեր որոշման մեջ և որպես հանրություն դեռ չենք կորցրել դիմադրելու, պայքարելու ունակությունը։
  2. Ընդհանուր առմամբ, հեղափոխության խնդիրը հանրային իշխանության շենքերն ու այն ներկայացնող մարդկանց «գերեվարելը» չէ, ինչպես ավանդաբար գործում են Հայաստանում։ Պատմությունը ցույց է տվել, որ եթե որոշ այլ երկրներում դա հնարավոր է, ապա Հայաստանում՝ ոչ։ Քանի՜ նման նախաձեռնություններ են տապալվել՝ հուսալքելով քաղաքացիներին։ Իրական խնդիրները երկուսն են՝ հանրության հնարավորինս լայն շերտերի համոզել, որ առաջարկվող քաղաքականությունն ավելի լավն է, քան վարվողը, և իրականացնել քայլեր, որոնք միաժամանակ ակնհայտորեն ցույց են տալիս հանրային մոբիլիզացիան այդ հարցում։ Այդ քայլերը պետք է Քրեական օրենսգրքով նախատեսված չլինեն։ Նախ, պետական կառավարման համակարգը տիրապետում է այնպիսի ուժային ռեսուրսների, որ ուրիշ ոչ մեկը չի տիրապետում, և երկրորդը՝ քաղաքական հարցերում բռնության կիրառումը հանգեցնում է այն շղթայաբար կիրառելու ավանդույթի։ 
  3. Ոստիկանությունը երբեք չի հաշտվի վրան տեղադրելու մտքի հետ։ Բայց ոստիկանությունը քաղաքական որոշումներ չի կայացնում։ Ուրեմն, վրանի տեղադրմանը չխոչընդոտելու որոշումը  այն պարագայում է հնարավոր, երբ քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե վրան տեղադրողների դեմ ուժի կիրառումը ավելի մեծ քաղաքական վնասներ կհարուցի, քան այն տեղադրելուն չխանգարելը։ Իսկ դա տեղի կունենա, երբ վրան տեղադրողների քանակը հասնի կրիտիկականի։ Խոսքը տասնյակ հազարների մասին չէ, այլ մի քանի հարյուրի։ Այս դեպքում էլ ոստիկանության սպառվող ռեսուրսն է դառնում պատճառ, որ նրանք դիմեն քաղաքական հրահանգիչներին՝ խնդրին քաղաքական լուծում տալու, քանի որ խնդիրը ուժով լուծվող չէ։

Վրան տեղադրելն ընդամենը առաջին քայլն է, ինչն ի ցույց է դնելու, թե քանի մարդ է պատրաստ միասնական աշխատել՝ հանուն առաջարկված քաղաքականությունը կյանքի կոչելու։ ի կողմից դա երկրի ապագայի ընտրության հարցում գիտակցված որոշումն է, մյուս կողմից՝ համերաշխության մթնոլորտի նորոգում, ինչը կարծես անդառնալիորեն խաթարվել է պատերազմում պարտությունից և կառավարության կողմից հանրության շրջանում շարունակաբար և նորանոր բաժանարար գծեր տանելու, ամենատարբեր խմբերը միմյանցից խրամատներով տարանջատելու, իրար դեմ հանելու ու իշխելու պատճառով։

Մենք իրավունք չունենք լուռ ու առանց որևէ էմոցիայի հետևել, թե ինչ են անում մեր երկրի և մեր ապագայի հետ։ Մենք պետք է պայքարենք ու հաղթենք։ Այլընտրանքի մասին նույնիսկ մտածելն է վտանգավոր։ Ուրեմն, ի՛ գործ

Սուրեն Սահակյան